Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ մարտի 7-ին որոշում կայացրեց «Հայռուսգազարդին» փոխհատուցում տրամադրել 142,1 մլն դրամի չափով՝ անապահով ընտանիքներին էժան գազ վաճառելու համար (2012 թ. չորրորդ եռամսյակի մատակարարումներ):
Հիշեցնենք, որ անապահով ընտանիքները 2011 թ. ապրիլից գազ ստանում են յուրաքանչյուր խոր. մետրը 100 դրամով՝ 132 դրամի փոխարեն: Տարեկան նման կարգով կարող են ստանալ մինչեւ 300 խոր. մետր գազ:
Գնի տարբերությունը «Հայռուսգազարդին» փոխհատուցում են էներգետիկ համակարգի ձեռնարկությունների լրացուցիչ շահույթներից:
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ 2013 թ. սոցիալապես անապահով խավերին թիրախային օգնությունն ավելանալու է, սակայն հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ օժանդակությունը հաշվի է անվում աղքատության ցուցանիշը հաշվարկելիս: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ անապահովության գնահատականներում նման հատկացումները հաշվի չեն առնվում, ուստի մեթոդաբանությունը ճշտումների կարիք ունի:



























