Ամեն օր Ադրբեջանն ու նրա «որջերը» սուտ ու կեղծիք են տարածում ողջ աշխարհում` իրենց հակահայկական, ռասիստական քարոզչության համար օգտագործելով աշխարհի տարբեր աղետների լուսանկարները: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Այդպիսի քաղաքականությունը թեեւ ավելի ու ավելի քիչ է զարմացնում հայերին, բայց վնասակար է անտեղյակ հասարակության եւ որոշ պատգամավորների համար, ովքեր աջակցում են այդ բռնապետությունը` այն համարելով «չեմպիոն մարդու իրավունքների հարցում»:

Պարբերականի տվյալներով` ադրբեջանական կեղծ քարոզչությունը Թուրքիայում երկրաշարժի դժբախտ զոհերին ներկայացրել է որպես Խոջալուի դեպքերի ժամանակ հայերի ձեռքով սպանված մարդիկ: Լուսանկարը, որն օգտագործում են ադրբեջանցիները, իրականում թուրք լուսանկարիչ Մուստաֆա Բոզդեմիրի ստորագրած լուսանկարն է, որն արվել է 1983 թվականի հոկտեմվերի 30-ին Էրզրումի շրջանի Կոյունորենեի երկրաշարժի ժամանակ: Լուսանկարը հրապարկվել է «Hurriyet» թերթում` հետեւյալ գրությամբ. «Քեզբան Օզերը գտել է իր 5 որդիների մարմինները, որոնք կենդանի թաղվել են Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ»: