Շիրակի նախկին մարզպետն ամենապարկեշտը եղավ: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Գյումրիի բնակիչների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ սա Հովհաննիսյանի արդեն երկրորդ հանդիպումն է գյումրեցիների հետ, առաջինը կայացել է փետրվարի 23-ին: Այս հանդիպումը եւս բազմամարդ էր:

«Մարզպետն ինքը հրաժարական տվեց, թեեւ ոչ այն պատճառով, որ վատ էր ծառայում մարզին, այն որովհետեւ չկարողացավ ընտրություններին ապահովել կուսակցության պլանը: Եւ այդուհանդերձ, մի նեղացեք ինձնից այս խոսքերի համար, նա ամենապարկեշտը եղավ, քանի որ այլեւս չէր կարող նայել ձեր աչքերին: Եւ դրանից հետո պարոն Լիցկան (Սյունիքի մարզպետի մականունն է-խմբ.) եւ մյուս բոլոր մարզպետները պետք է հրաժարական տան»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մինչեւ ապրիլի 9-ը գործող ողջ իշխանությունը պետք է հեռանա. «Գյումրեցիների 70, իսկ ոչ պաշտոնական թվերով 90 տոկոսով ժողովուրդը հայտարարում է: Գյումրին Վանաձորը, Կապանը, ողջ հանրապետությունը որեւէ մեկի սեփականությունը չեն: Մենք ամենուր ենք, պարոն Սերժ Սարգսյան:  Մենք հրապարակումներում ենք, թատրոններում, գործարաններում, ինստիտուտներում: Եւ մենք ասում ենք . «Կեցցե Հայաստանը»: