Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական ներկայությունը սպառնալիք է Վրաստանի համար: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին, Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմակայանին, մենք վստահ ենք, որ հայկական կողմը թույլ չի տա դրա օգտագործումն ի վնաս Վրաստանի շահերի», - ընդգծել է Իրակլի Ալասանիան:
Խոսելով ռազմական կրթության եւ կադրերի նախապատրաստման ոլորտում հայ-վրացական համագործակցության մասին՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կոնկրետ թվեր չնշելով, այնուամենայնիվ, նկատել է, որ նշված ուղղությունը ամենահեռանկարայիններից մեկն է:
«Ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը մեր համագործակցության անկյունաքարերից է, որն այժմ ընդլայնվում է: Հայ եւ վրացի զինծառայողները միասին ՆԱՏՕ-ի շրջանակում մասնակցել են զորավարժությունների եւ դասընթացների: Այսօր մենք պայմանավորվել ենք, որ համագործակցությունն ակտիվ կշարունակվի», - նշել է Սեյրան Օհանյանը:




























