Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակում է պահպանվել վարկերի նկատմաբ բարձր պահանջարկը: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության՝ փետրվարի 25-մարտի 3 ժամանակահատվածում բանկերը տրամադրել են 35.8 մլրդ դրամ (համարժեք է մոտ 88 մլն դոլարին) եւ 65.1 մլն դոլար վարկ: Այսպիսով՝ շաբաթական կտրվածքով վարկերի ծավալը կազմել է մոտ 153 մլն դոլար, ինչը բավական բարձր ցուցանիշ է եւ մոտ է հունվարի վերջին գրանցված 160 մլն դոլար մակարդակին:
Արտարժույթի ներբանկային շուկայում անցնող շաբաթվա ընթացքում (մարտի 4-մարտի 7) բանկերը գնել են 65 մլն դոլար եւ վաճառել 84 մլն դոլար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցնող շաբաթը 1 օրով կարճ է մյուս շաբաթների համեմատ, սա կարելի է նաեւ բարձր ցուցանիշ համարել: Այնուամենայնիվ՝ արտարժույթի առուվաճառքի ծավալները սպասվածից քիչ են, հաշվի առնելով մարտի 8-ին մանրածախ առեւտրաշրջանառության որոշ աճը:




























