Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները «Սթար» առեւտրային ցանցի վերաբերյալ: Պարզաբանումների համար NEWS.am-ը մի քանի հարց ուղղեց «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Թեոդորա Թիչերիչին:
Հարգելի տիկին Թիչերիչ, ե՞րբ է սկսվելու «Սթարի» խանութների բազմազան ապրանքատեսականիով հագեցումը, ի՞նչ քաղաքականություն եք առաջարկելու սպառողներին:
Խանութները ապրանքատեսականիով համալրման գործընթացն արդեն սկսված է, ինչը կարող եք նկատել մեր մի շարք խանութներ այցելելիս: Սակայն հարկ է նշել նաեւ, որ այս գործընթացի կարգավորումը ժամանակ է պահանջում:
Սթարի ո՞ր խանութներն են փակվել վերջին ամիսներին (խնդրում եմ նշել ըստ հասցեների), հնարավո՞ր է՝ էլի խանութներ փակվեն առաջիկայում:
ՍԹԱՐԸ նպատակ ունի շարունակել գործունեությունը հայաստանյան շուկայում կայուն հիմք ունեցող եւ եկամտաբեր խանութներով, այդ է պատճառը, որ մենք փակում ենք որոշ ոչ շահութաբեր խանութներ՝ հետագայում դրանք ավելի արդյունավետ խանութներով փոխարինելու նպատակով: Կան նաեւ այնպիսի խանութներ, որոնց բիզնես մոդելն է փոխվել, եւ դրանք շարունակում են գործել:
Ընդհանուր առմամբ՝ քանի՞ աշխատակից է կրճատվել Սթարում ու ի՞նչ պատճառներով; Ուղեկցվե՞լ են այդ կրճատումները աշխատավարձերի բարձրացմամբ:
Մենք բազմիցս նշել ենք, որ Ընկերությունը նախկինում ուներ անհրաժեշտ քանակից ավելի աշխատակիցներ, եւ վերջին վեց ամիսների ընթացքում մենք իրականացնում ենք աշխատակազմի օպտիմիզացիա՝ պահելով լավագույն աշխատակիցներին, ովքեր սիրում են մանրածախ առեւտրի ոլորտը եւ ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները: Անձնակազմի կրճատման արդյունքում խնայողությունների մի մասը մենք վերադարձնում ենք աշխատակիցներին` բարձրացնելով ոմանց աշխատավարձը կամ հնարավորություն ընձեռում վաստակել բոնուսներ` ըստ կատարողականության արդյունավետության: Արդյունքները ցույց են տալիս, որ մենք բյուջեից 30% ենք կրճատել: Թույլ տվեք նշել, որ բոլոր այս կրճատումները Ընկերությունը կատարել է համապատասխան ՀՀ գործող օրենսդրության:
Ունե՞ք ֆինանսական առողջացման ծրագիր, եթե այո՝ որո՞նք են դրա առանցքային կետերը:
Այո, մենք ունենք ֆինանսական առողջացման ծրագիր, որը հիմնված է մեր գործընկերների հետ օպտիմալ եւ փոխշահավետ համագործակցության հաստատման եւ հետագա պահպանման վրա:
2011 թ. հաշվետվության համաձայն՝ Սթարը մոտ 30 մլն դոլարի կրեդիտորական պարտք ունի մատակարարներին: Ինչպիսի՞ն է հիմա պարտքերի վիճակը:
Այո, ՍԹԱՐ-ն ունի պարտավորություններ, որոնք հիմնականում կուտակվել են նախորդ տարիների գործունեության ընթացքում, թեեւ Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, դրանք շատ ավելի քիչ են: Հասկանալի է, որ բոլոր պարտքերի մարումը չի կարող իրականացվել մեկ օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, պարտավորությունների մարումը առաջին կարեւորության հարց է մեզ համար, որը բանակցային գործունեության միջոցով փորձում ենք վերաձեւակերպել՝ դրա հիմքում դնելով ՍԹԱՐԻ համար իրատեսական պայմաններ:
Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Սթարը սնանկացման գործընթաց սկսի, ի՞նչ պայմաններում դա տեղի կունենա:
Մեր սեփականատիրոջ համար կազմակերպության սննկացումը ոչ ցանկալի եւ անընդունելի տարբերակ է: Դա է պատճառը, որ այս հարցը քննարկման ենթակա չէ:
Ըստ ձեզ՝ մանրածախ առեւտրի ցանցը Հայաստանում գերհագեցա՞ծ է, թե՞ ընդհակառակը՝ առկա է մրցակցության պակաս:
Հայաստանում մանրածախ առեւտրի շուկան գերհագեցած չէ: Ինչպես կարող է այն հագեցած լինել, եթե մեկ շնչին հասնում է 0.06մ2 առեւտրային տարածք, առանց որեւէ ներկայացուցչության մարզերում: Հայաստանյան շուկան մեկ այլ խնդիր ունի, որը գերհագեցածություն չէի անվանի: Մրցակցությունն առկա է, սակայն բացակայում է առողջ մրցակցությունը:
Ինչպե՞ս եք վերաբերում Carrefour-ի մուտքին, դա խոչընդոտ չէ՞ ձեր ընդլայնման ծրագրերին:
ՍԹԱՐԸ հարգում եւ ողջունում է ցանկացած առողջ մրցակցություն: «Կարֆուրը», լինելով Եվրոպայում առաջատարը մանրածախ առեւտրի բնագավառում, իհարկե, արդար մրցակից կլինի: Քանի որ մեր ձեւաչափերը եւ հաճախորդները տարբեր են, մենք չենք համարում, որ անմիջական մրցակիցներ ենք: «Կարֆուրի» չափանիշները, մանրածախ առեւտրի վերաբերյալ խորը գիտելիքները եւ նրա կառուցվածքը շատ լավ ազդեցություն կունենան մանրածախ առեւտրի մատակարարման շղթայի վրա, ավելին ՝ այն իր ազդեցությունը կունենա հաճախորդների վարքի վրա: Ի վերջո, շուկան ավելի համախմբված կդառնա, ինչը շատ դժվար է բիզնեսի ցանկացած ոլորտում, այդ թվում` մանրածախ արտադրողների, տրանսպորտային ընկերությունների եւ բոլոր այն ընկերությունների համար, ովքեր կապ ունեն մանրածախ առեւտրի ոլորտի հետ:
Հարցերը՝ Սամվել Ավագյանի




























