Որքան հին է կանանց միջազգային տոնի պատմությունը, նույնքան, կամ գուցե շատ ավելի հին է նրանց առջեւ ծառացած խնդիրները: «Զբաղվածության պետական ծառայությունը» առանձնացրել է հետեւյալ խնդիրները, որոնք ծառացած են հայ կնոջ առաջ:
Առաջինը` կանանց գործազրկության բարձր մակարդակն է, կանանց համար աշխատատեղերի բացակայությունը, երկարաժամկետ գործազրկության աճը, նույն աշխատանքի դեպքում աշխատավարձի վճարման կողմնակալ մոտեցումը, պաշտոնների նշանակման կողմնակալ մոտեցումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից:
Գործակալության տվյալներով` 2013թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.2 հազար, /որից 58.9 հազարը կանայք են, 18.4 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.1%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.2%-ը: Դրա մեջ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, այն կազմում է գործազուրկների թվի 72.8%-ը:: Գործազուրկ կանանց թվի մեջ մեծ տեսակակար կշիռ են կազմում քաղաքաբնակները` շուրջ 88.5%: Նրանց հիմնական մասը կենտրոնացած են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Վաղարշապատում,Արմավիրում:
2013թ. փետրվարի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 10351 գործազուրկ, որոնցից 7058-ը կանայք են, 1571-ը` երիտասարդ:
Գործազուրկ կանանց թվաքանակում բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը կազմում է 17.2%, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներինը` 24.4%, նախնական/ արհեստագործական կրթություն ունեցողներինը` 6.8 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 45.5%, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները 5.1%, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները`0.6% եւ տարրական կրթություն ունեցողներինը` 0.4%: Մինչեւ 18 տարեկանները կազմում են 0.6%, 19-30 տարեկանները` 23.0 %, 31-54 տարեկանները` 59.5 %, 55-ից բարձր տարիքի կանայք` 16.9 %: 1 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեն կանանց 60.6 %-ը: 2013թ. փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքի են ընդունվել 696 աշխատանք փնտրող, որից 434 կին:
Այսպես հանրապետությունում 2011թ. տնտեսապես ակտիվ բնակչության մեջ կանայք կազմում են շուրջ 48.7%, իսկ տղամարդիկ 51.3 %: Աշխատանքի տեղավորման հարցում լուրջ դժվարություններ ունեն 30-50 եւ հատկապես 50-ից բարձր տարիքի անձիք, որոնք երկարատեւ գործազրկության հետեւանքով կորցրել են իրենց որակավորումը եւ աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է նրանց ընդգրկել մասնագիտական ուսուցման դասընթացներում:




























