Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին հաստատել է մի բանաձեւ, ըստ որի երկիրը կշարունակի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու արտաքին քաղաքական ուղղությունը եւ դիվանագիտական հարաբերություններ չի ունենա Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչած պետությունների հետ:

Բանաձեւը միաձայն ընդունել են 96 պատգամավորները։ Փաստաթղթում արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություն է նշվել  «եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրումը»: Նշվում է նաեւ, որ  Վրաստանը մտադիր է կատարել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ փոխգործակցության  առաջադրված բոլոր խնդիրները եւ դա դիտարկում է որպես «պարտք վրաց ժողովրդի առաջ»:
Բանաձեւում նաեւ նշվում է, որ Վրաստանը «դիվանագիտական հարաբերություններ չի ունենա եւ ռազմաքաղաքական կամ մաքսային միությունների մեջ չի մտնի Աբխազիայի կամ Ցխինվալի շրջանի անախությունը ճանաչած պետությունների հետ», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հիմնախնդիրը կարգավորելու, բարիդրացիական հարաբերությունների ապահովման եւ զարգացման  նպատակով Վրաստանը Ռուսաստանի հետ երկխոսություն կսկսի ինչպես Ժնեւի բանակցությունների, այնպես էլ երկկողմ ձեւաչափով: