«Ոչինչ չեմ բացառում, սակայն քիչ հավանական եմ համարում, որ տեղի կունենա «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միավորում»,- NEWS.am-ին ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմության միասնական հանդես գալու հնարավորությանը:
«Մեր կուսակցության ներսում նոր քաղաքական մտքի պակաս երբեք չի լինում: Եւ լավ կլիներ, եթե այսպես կոչված քաղաքական օրակարգի ձեւավորումը լիներ նաեւ ընդդիմությսն մասնակցությամբ: Ես շատ կցանկանայի, որ իշխանության եւ ընդդիմության համար ընդհանուր նպատակներ լինեին, եւ որպեսզի մի քանի խնդիրների լուծումը չհամարվեր միյան իշխանության մենաշնորհը: Ընդդիմությունը պետք է կատարի վերահսկողության եւ քաղաքական գործընթացներին անմիջականորեն մասնակցելու գործառույթ»,-նշեց պատգամավորը:
Կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» հնարավոր միավորման մասին հարցին ի պատասխան, Արտակ Դավթյանն ասաց. «Մենք բազմիցս ենք նշել, որ բաց ենք յուրաքանչյուր ուժի հետ համագործակցության, որոնք կարող են արժանանալ մեր ժողովրդի վստահությանը: Ես միանգամայն դրական եմ վերաբերվում ապագա կոալիցիային «Ժառանգութան» մասնակցությանը»,-հայտարարեց ՀՀԿ պատգամավորը:




























