ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը բժիշկների հետ դեռ ուսումնասիրում է հարցը` մեկնե՞լ արտերկիր բուժման, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Պարույր Հայրիկյանը:
Հարցին, թե խոսքը ո՞ր երկրի մասին է, նա արձագանքեց. «Առաջին հերթին Գերմանիա, հետո Հոլանդիա: Բելգիայից մասնավոր առաջարկ եղավ, Ամերիկայից եւս հրավեր եմ ունեցել: ՊՆ-ից Իսրայել ուղարկելու առաջարկ արեցին: Եվ եւս մի քանի մասնավոր առաջարկներ կան: Բայց առայժմ դա դեռ քննարկման փուլում է»: Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, որ ինքը Հայաստանում բուժվելու ցանկություն ունի:
«Ներկա դրությամբ առողջականս փոփոխական է: Մեկ դրական, մեկ բացասական: Ասում են նաեւ նյարդերի հետ կապված խնդիր է: Օրինակ, Բելգիայից ասում են միայն արի այստեղ, մնացածը մենք կանենք: Մի ընկեր ունեմ Մոսկվայում, կլինիկա ունի, նա եւս հրավիրում է ասելով, որ բժշկական բոլոր ծախսերն իրենց վրա կվերցնեն: ԱՄՆ-ից եւս ընկերներս հրավիրում են իրենց մոտ բուժման: Ես դեռ ուզում եմ այստեղ բուժվեմ: Տեսնենք ինչպես կստացվի: Գոնե ցավերը նվազեն եւ մատներս կարողանամ շարժել»,-ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:



























