Ըստ նախնական տվյալների, 2009 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 0,1%-ով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Նա նաև նշել է, որ եվրոպական շատ պետություններում՝ ներառյալ զբոսաշրջիկների հաճախելիությամբ առաջատար Ֆրանսիան, արդեն զգալի անկում է դիտվում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Ապրեսյանի, շարժը չի իջնում զրոյական թվից մի քանի պատճառներով։ Առաջին հերթին, դա տնտեսության ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունն է, ինչպես նաև Հայաստանում բիզնեսի ակտիվ վարման գործոնը։
Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում հսկայական դեր է կատարում նաև հայկական սփյուռքը, որը ապահովում է ժամանողների ամբողջ հոսքի միջինը մինչև 60%-ը,- նշել է վարչության պետը։ Սփյուռքը, ըոտ նրա, բազմիցս ֆինանսավորել է երկրի տնտեսական ոլորտների աշխուժացմանն ուղղված շատ նախագծեր, որոնց շարքում է նաև զբոսաշրջությունը։ «Ներկա դրությամբ, չնայած ֆինանսական համաշխարհային ճգնաժամին, հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ միևնույն է գալիս են Հայաստան որպես զբոսաշրջիկներ, ինչի շնորհիվ էլ բիզնեսի այս տեսակը մնում է պլյուսով»,- հայտնել է Ապրեսյանը։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը միջին տարիքից բարձր մարդիկ են, որոնց միջոցներն այնքան էլ սահմանափակ չեն, քանի որ կենսաթոշակ ու նպաստ են ստանում իրենց երկրներում։ Ըստ Ապրեսյանի, դա նպատակային շահավետ խումբ է, քանի որ կողմնորոշվում է պատմա-մշակութային հուշարձանների այցելության վրա, որոնցով այդքան հարուստ է Հայաստանը։
Ապրեսյանի տվյալներով, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը աճել է ավելի քան 11 անգամ։ 2000 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմում էր 45 հազար, իսկ 2008-ին այն հասել է 558 հազարի։ Զբոսաշրջիկների ակտիվության կտրուկ աճ՝ մոտ երեք անգամ, արձանագրվեց 2001 թվականին, երբ Հայաստանը նշում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Հենց այդ պատճառով էլ ընդունված է 2001 թվականը շրջադարձային համարել այդ ոլորտում,- նշել է պաշտոնյան։ Շրջադարձային կարելի է համարել նաև 2009 թվականը, քանի որ այս տարի զբոսաշրջիկների հոսքը նախկին տարիների համեմատ մի փոքր նվազել է, սակայն այնուամենայնիվ 2,8%-ի աճ է արձանագրել առաջին եռամսյակում՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այն դեպքում, երբ Զբոսաշրջության միջազգային կազմակերպությունը կանխագուշակում էր համաշխարհային զբոսաշրջության աճի զրոյական տոկոս,- ընդգծել է Ապրեսյանը։



























