Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքը վարում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նախ կոչ արեց Թումանյանի արձանին կանգնած անձանց ցած իջնել, քանի որ ոստիկանությունից ասել են, թե դա պատմամշակութային արժեք է: Նա նշեց, թե «խաղաղ, Բարեւի հեղափոխությունն իր պտուղները տալիս է: Արդեն պատմամշակութային հուշարձաններին են հղում անում: Իմացեք` դուք արդեն հաղթել եք»:
«Այս խաղաղ, Բարեւի հեղափոխության ալիքը տարածվել է նաեւ մարզերով, եւ որքան էլ փորձեն խոչընդոտել, չի ստացվելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ հավելեց, թե իրենց պայքարը արցախյան շարժման պես համազգայինի է վերածվում: Նա հայտնեց, որ հանրահավաքներ են եղել Լոս Անջելեսում, Փարիզում, մարտի 13-ին ակցիա է լինելու Եվրախորհրդի շենքի առջեւ:
Նա նշեց, որ այս պահին հանրահավաքներ են ընթանում նաեւ Արտաշատում եւ Կապանում:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե այսօրվա հանրահավաքը վճռական է լինելու եւ ինքը կարեւոր հայտարարություն է անելու:



























