Իշխանավորների կանայք իրենց պահարաններում են պահում ամուսինների ողնաշարները, քանի որ ողնաշարավոր պաշտոնյաներ այսօր պետք չեն Հայաստանին: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախկին նախագահ Մանուկ Գասպարյանի որդին` Արթուր Գասպարյանը:
Նա անդրադարձել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ասել. «Հլա մի դրա խելքին աշեցեք: Ասում է՝ 950 համայնքից Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 70 համայնքում: Ձեր տրորած ու խփած թվերը թողեք ձեզ, մենք գիտենք, թե Րաֆֆին որքան համայնքներում է հաղթել: Երկրորդն էլ, եթե 70-րդ հարկից ընկնես, Հովիկ, գլուխդ ջարդվելու է»,- ասել է Արթուր Գասպարյանը:
Հանրահավաքին ելույթ է ունեցել փաստաբան Տիգրան Նահապետյանի ռուս կինը` Տատյանան, ով կարդացել է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված իր նամակը: «Ես հայ տղամարդու կին եմ և հայ տղայի մայր, ես երախտապարտ եմ այս հողին ու ջրին, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հայ Լեւոն անունով տղա: Ես շնորհակալ եմ Րաֆֆիին, որ այնպես է արել, որ ինձ այլեւս օտար չեմ զգում: Գտնում եմ, որ սերն ազգություն չի ճանաչում, մենք միասնական ենք»,- ռուսերենով ասել է նա եւ հայերեն երգել «Երազի իմ երկիր» երգը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից ու հեռանա երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար:



























