Այս պայքարը Րաֆֆու եւ Սերժի պայքարը չէ: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նեկայացուցիչ Տիգրան Խզմալյանը:

«Մենք գիտեինք, որ կեղծելու են: Բայց իրենք համոզված էին, թե 15 տարվա մեջ ստրուկ ենք: Մենք ապացուցեցինք, որ ստրուկ չենք, ցույց տվեցինք, որ ունենք արժանապատվություն: Ահա թե ինչու Րաֆֆիին դիմում ենք անունով, ինչպես եղբորը: Ու պետք չէ իշխանություններին խնդրանքով դիմել` հեռացեք: Մեր տուն գողեր են մտել, եւ նրանց հանելու համար կոչ անել պետք չէ, վռնդել է պետք»,- նշել է նա:

Խզմալյանը նշել է, թե ինչ է պետք անել` Րաֆֆի Հովհաննիսյանին մենակ չթողնելու համար: «Մենք պետք է գործենք: Մենք ունենք ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, ու պետք է հարված հասցնենք իշխանությանը, խարխլենք նրան: Եթե ԱԺ-ից դուրս գան «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ, մնալու է մկների ժողովը: Փետրվարի 18-ին հեղաշրջում է եղել, եւ այսօր մեզ պետք չէ վախեցնել հեղաշրջումով: Մենք վերադարձնելու ենք մեր ձայները, դեռեւս գործող Սահմանադրության երկրորդ կետով գրած է` իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, եւ իշխանությունը կանգնած է այստեղ, այլ ոչ Բ-26-ում»,- նշել է Տիգրան Խզմալյանը: