Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու կառույցների միջեւ հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին:

Կողմերն անդրադարձել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների:

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի` եվրոպական ինտեգրացման խնդիրներին: