Հայաստան ներկրվող չինական մեղրը հում է, չհասունացած: Այդ մասին այսօր` մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը: Նրա խոսքով` այդ մեղրը լավագույն դեպքում կարելի է օգտագործել հրուշակեղենի արտադրությունում:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության`l 2012 թ. կտրուկ ավելացել է Չինաստանից ներկրվող մեղրի ծավալը:

Թ. Նազարյանը նշեց, որ ԱՄՆ-ը արդեն իսկ արգելել է չինական մեղրի ներկրումը` դրանում տետրացիկլինի պարունակության պատճառով: Սակայն Չինաստանին հաջողվել է պահպանել դիրքը եվրոպական շուկայում` տարեկան արտահանելով 40-80 հազ. տոննա մեղր: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայում մեղուները մահանում են` բջջային կապի տարածման պատճառով:

«Էկոգլոբ» ՍՊԸ տնօրեն Նունե Դարբինյանը նշեց, որ հայկական մեղրի ինքնարժեքը բարձր է, այդ պատճառով միջազգային շուկայում այն չի կարող մրցակցել արգենտինական կամ չինական մեղրի հետ: Սակայն Ն. Դարբինյանը նշեց, որ Հայաստանում զարգանում է օրգանական մեղվաբուծությունը` էկոլոգիապես մաքուր տարածաշրջաններում առանց այլ հավելումների 100% բնական մեղրի արտադրությունը: Համապատասխան սերտիֆիկատների առկայության պարագայում օրգանական մեղրը կարելի է արտահանել ցանկացած եվրոպական կամ այլ երկիր: 

Ներկայում Հայաստանում կա մոտ 200 հազ. մեղվաընտանիք: Յուրաքանչյուր մեղվաընտանիք տարեկան արտադրում է 7-10 կգ մեղր, այնինչ խորհրդային շրջանում արտադրողականությունը եղել է 30-40 կգ: Թ. Նազարյանի տեղեկացմամբ` ծրագրեր են մշակվել մեղվափեթակների արտադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:

Հայկական մեղրի նկատմամբ ներկայում հետաքրքրություն կա ոչ միայն եվրոպական երկրներից, այլեւ` արաբական: Ընդ որում` արաբական սպառողների միակ պահանջն այն է, որ մեղրը չբյուրեղանա: Ըստ Թ. Նազարյանի` այդպիսի մեղր կարելի է արտադրել: