Սահմանադրական դատարանում, այսօր` մարտի 11-ի նիստի ընթացքում  «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին ուղղված հարցերը մնացել են անպատասխան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Այսօր մենք հնչեցնում էինք հարցեր եւ համենայնդեպս, որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ, իմ տպավորությամբ, մեր կողմից հնչեցրած հարցերը մնացին անպատասխան»,- նշեց Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով, տրվել են հարցեր պարզելու համար «Ժառանգության» ներկայացուցիչերի իրավական դիրքորոշումները, մոտեցումները, սակայն, որեւէ հարցի վերաբերյալ, որեւէ հստակ պատասխան չի հնչել:

Այդուհանդերձ, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը «Ժառանգության» իրավունքն է, իսկ, թե ինչքանով է  այն հիմնավորված` գնահատելու է դատարանը: «Մենք որպես կողմ մեր տեսակետները ամբողջական ծավալով կներկայացնեն իրենց դիմումի վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ հայտարարելու քայլը կարո՞ղ է ազդել Սահմանադարական դատարանի որոշման վրա ասաց.«Ես նման խնդիրների վերաբերյալ որեւէ դատողություն չէի ցանկանա ներկայացնել, փաստելով ընդամենը մեկ բան, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը գործում է Սահմանադրության եւ օրենքների հիման վրա»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am