Ազատության հրապարկում մի շարք ուսանողներ եւ երիտասարդները նստացույց են հայտարարել: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնողը, ոչ թե իրենք են, այլ` ուսանողները: «Ներկա պահին արդեն մի շարք ուսանողներ, երիտասարդներ նստացույց են անում: Դա ինքնաբուխ նախաձեռնություն է»,- ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: «Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու»,- նշել էր նա: Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 15-ին, ժամը 17-ին: «Այդ օրը քննարկելու ենք ապագա անելիքները, ՍԴ կայացրած վճիռը եւ միասին կանցնենք գործողությունների, որոշումների, եւ հաղթանակն ամրագրելու գործին»,- ասել է Հովհաննիսյանը:



























