Սա հաղթական տոնակատարություն է, եւ ոչ մեկը, ոչ հայաստանցի, ոչ նախկին պաշտոնյա, ոչ օրինախախտ իշխանություն, ոչ էլ օտար նախագահներ մեզնից հաղթանակը չեն խլելու: Այդ մասին այսօր` մարտի 11-ին, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես չեմ ուզում հրապարակում տեսնել ոչ մի արցունք, բացի ուրախությունից, կամքից, ողնաշարից, հաղթանակը իրացնելու որոշումից: Ով տխուր դեմքով պիտի գա, տանը նստեք, հաղթահարեք, նոր ուրախ եկեք հրապարակ»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ես երբ խոսում եմ կեղծված հնարավոր երդման եւ պղծված Ավետարանի մասին, ուզում եմ բացառել, որ Սերժ Սարգսյանն ու Գարեգին վեհափառը թույլ կտան այդ պահը: Ուզում եմ հավատալ, որ թույլ չեն տա, իսկ եթե այդքան է նրանց ուժը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը, այո, իմ դիակի վրա պիտի անեն»,- նշեց նա:
Նա նաեւ նշեց, թե խոսում է միայն իր անունից: «Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները, հանրապետական կուսակցության գործիչները, կեղծ գործիչները խոսում են ուրիշների դիակների մասին` հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի մասին, եւ տարբերությունը դրանում է: Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ մեր երկիրը դառնա դիակ»,- նշեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























