Թող ոչ մեկը կոշտ միջոցների կամ սթափ գնահատականի մասին չխոսի, եթե ինքը չունի այդ շրջահայացությունը, հայրենասիրությունը, որ խոստովանի, թե փետրվարի 18-ին գողացվեց ժողովրդի ձայնը: Այդ մասին այսօր` մարտի 11-ին, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությունը:

«Թող ոչ ոք մեկը Նժդեհ չմեջբերի, սահմանների մասին մեջբերումներ չանի, եթե ընտրությունների արդյունքները չի ճանաչում: Կարող եք դիմել Արմեն Մարտիրոսյանին, ով խոսեց նախագահի ներկայացուցչի հետ եւ ասաց, որ ես սպասում եմ նախագահին իրեն հարմար ժամանակ»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը չի գնում նախագահական նստավայր, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Ես հաջորդ անգամ եթե գնամ նստավայր, պիտի գնամ որպես հայ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ»:

Ըստ Հովհաննիսյանի, ժողովրդի հաղթանակը ճանաչելու համար հարկավոր է փոխադարձ կամք: «Մինչ օրս եղել է զրո դրսեւորում, պարոն Սարգսյանից ոչ մի բան չեմ զգացել: Սա իր հնարավորությունն է սթափ գնահատել իրավիճակը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ակնհայտ է, որ նախագահը չի գալու, զայրացրեց Հովհաննիսյանին. «Ձեզ համար երկու ամիս առաջ ակնհայտ էր, որ սրանք ոչ մրցակցային ընտրություններ էին, բայց մրցակցային եղան: Իմ միակ շնորհքը դա էր: Մի ասեք, թե ակնհայտ է, ոչ մի բանն էլ ակնհայտ չէ: Իմ համար ակնհայտ է, որ մինչեւ ապրիլի 9-ը Հայաստանում բեկումնային փոփոխություն պիտի լինի»:

Նա նաեւ նշեց, թե թույլ չի տա, որ որեւէ մեկը բռնությամբ դադարեցնի իր հացադուլը: «Ոչ մեկը բռնություն չի գործելու իմ նկատմամբ, ժողովրդի, զինվորի, ոստիկանի: Թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը անի: Երախտագիտություն հայտնելով շտապօգնության աշխատակիցներին, ես ներկա պահին առողջապահական միջամտության որեւէ կարիք չունեմ»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am