Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկը պիտի լինի, ով պետք է վերանայի իր մոտեցումը: Այդ մասին այսօր` մարտի 11-ին, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան:

«Նախագահ Պուտինը առաջիններից մեկը պիտի լինի, որ պետք է վերանայի իր մոտեցումը, իր անհիմն, շտապ ու սխալ նամակը եւ կանգնի հայ ժողովրդի կողքին: Բայց դրա համար ինքն էլ պիտի քայլեր անի` դառնալու ժողովրավարական երկրի ղեկավար: Ես հավատում եմ ժողովրդավարական Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց. «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դուրս գա ուղղահայաց մանրակերտից եւ դեմ չգնա հայ ժողովրդին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավասարապես քննադատել է նաեւ Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային, որոնք խախտեցին իրենց նվիրումը ժողովրդավարության չափանիշներին: «Պահանջում եմ, որ այդ երկրները վերանայեն իրենց որոշումները, դուրս գան ղարաբաղյան կարգավորման կամ Ցեղասպանության ճանաչման գործընթացներում զիջումներ կորզելու նեղ մտայնություններից եւ գործ ունենան Հայաստանի ժողովրդի հետ»,- նշեց Հովհաննիսյանը: