Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մարտի 11-ին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների, մարզային կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
Փոխվարչապետը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ աշխատանքային հաջողություններ մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի առկա խնդիրների լուծմանը, իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Ա. Գեւորգյանը նշել է, որ մարզում առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ համատեղ արդյունավետ աշխատանքը, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերի հաջող իրականացումը էապես կնպաստի դրանց լուծմանը:
Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում: Քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարների նկատմամբ պարտավորությունների կատարման խնդրին:



























