Հայտնի լրագրողուհի, Ուկրաինայի քաղաքացի Անխար Կոչնեւան, ում 2021-ի հոկտեմբերին առեւանգել էին սիրիացի զինյալները, փախել է նրանցից եւ ներկայումս գտնվում է անվտանգ վայրում: Այս մասին հայտնել է նրա նախկին ամուսինը` Դմիտրի Պետրովը:

Նրա խոսքով` Անխարը զանգահարել է եւ հայտնել, որ իրեն հաջողվել է փախչել, իրեն օգնել են հասնել կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքներ եւ ներկայումս նա Դամասկոսի ճանապարհին է:

Livejournal-ի կոչնեւայի էջում այսօր` մարտի 11-ին, հաղորդագրություն է հայտնվել. «Չէիք սպասո՞ւմ: Ձեր Ալիսան վերադարձել է, մանրամասներն ավելի ուշ»:

Դամասկոսում Ուկրաինայի դեսպանությունում հրաժարվել են մեկնաբանել Կոչնեւայի ազատման տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Անխար Կոչնեւան Սիրիա է մեկնել զինված հակամարտությունն սկսվելուց անմիջապես հետո, աշխատել է որպես ոչ հաստիքային թղթակից, ուղեկցել է Սիրիա եկող ուկրաինացի լրագրողներին, համագործակցել է մի շարք ռուսական լրատվամիջոցների հետ: Նրան առեւանգել են 2012-ի հոկտեմբերին: Նոյեմբերի սկզբին Կոչնեւայի Facebook-յան էջում տեղցադրվել է նրա տեսաուղերձը, որտեղ նա խնդրում է կատարել առեւանգողների պահանջները: Վերջիններս փրկագին էին պահանջում եւ սպառնում հակառակ դեպքում սպանել գերուհուն: