Այսօր` մարտի 11-ին 86 տարեկան հասակում մահացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանը:
Միքայել Մինասյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Գյումրի քաղաքում:
Նա շուրջ տասը մենագրությունների, յոթանասուն գիտական հոդվածների եւ քաղաքագիտական թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պրոֆեսոր Մինասյանը շուրջ քսան տարի վարել է Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը, քսանից ավելի տարի մասնակցել է Երեւանի գիտության, բարձրագույն եւ միջնակարգ կրթության ղեկավարմանը:
Տասը տարի ղեկավարել է մայրաքաղաքի 26 կոմիսարների անվան շրջանը:
1949-50 թվականներին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ տնտեսագիտության ֆակուլտետները: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո ակտիվ գործունեություն է իրականացրել կուսակցական, հասարակական, քաղաքական աշխատանքներում, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: Երկար ժամանակ կուսակցության Երեւանի քաղաքային կոմիտեում ղեկավարել եւ համակարգել է գիտության, կրթության, մշակույթի բնագավառների հիմնարկների աշխատանքը:
Անվանի գիտնականի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին` ժամը 18-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 13-ին, ժամը 12-14-ին, նույն վայրում:



























