Հայաստանի իշխանությունը երբեք առանց ճնշումների իշխանությունը չի հանձնի: Այդ մասին այսօր` մարտի 11-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Վերջինս կուսակիցների հետ այցելել էր զորակցելու երեկվանից հացադուլ հայտարարած, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արամ Սարգսյանը նկատել է, թե ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին եթե գան եւ մասնակցեն նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, «որեւէ դիկտատոր չի կարող դիմակայել»: Իսկ Հովհաննիսյանին ընտրողները, ըստ Արամ Սարգսյանի, հաստատ 500 հազարից ավելին են: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե Ազգային Ժողովում խմբակցություններ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է վայր դնեն մանդատները եւ դուրս գան խորհրդարանից:
Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել Վարդան Օսկանյանն ու Գուգեն Արսենյանը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու այլք:



























