Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Այս դեպքի հետ կապված, որին ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, որը եւ բանակցում էր ոստիկանների հետ, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կառավարությունը հանճարեղ որոշում է ընդունել, ըստ որի, ասֆալտը համարվում է պատմամշակութային մեծ արժեք, եւ վրանը, որը ոչ մեխ ունի վրան, ոչ էլ սուր ծայրեր՝ ասֆալտը փչացնելու համար, կարող է այս հրաշագեղ պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակի ասֆալտը փչացնել»:
Մարտիրոսյանը նաեւ նշեց, երբ նրանք ընբռնեն այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընտրված նախագահը, հացադուլի ժամանակ մի փոքր պայմաններով պետք է ապահովված լինի, քանի որ հացադուլը դա ծանր ռեժիմ է, երեւի դրանից հետո կթույլատրեն նրան վրան տեղադրել:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով Սերժ Սարգսյանի «ինքնաբացարկը»: Ավելի վաղ` մարտի 4-ին նա եւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել էին ՍԴ` վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը:



























