Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է երկրի սահմաններից դուրս եւ ավելի կարեւոր աշխատանք է իրականացնում, քան Սահմանադրական դատարանում դատական գործընթացի ընթացիքն հետեւելը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՍԴ-ում պաշտպանում է գործող նախագահի շահերը, Հարությունյանը պատասխանեց. «Ով, եթե ոչ արդարադատության նախարարը պետք է ներկայացնի քաղաքական թիմի շահերը, որի ներկայացուցիչն է նաեւ ինքը: Նախարարները քաղաքական թիմի անդամներ են, սակայն այս դեպքում շատ կարեւոր է, որ նա պաշտպանությունն իրականացնում է ոչ իր աշխատանքային ժամերի հաշվին»: Նշենք, որ արդարադատության նախարարը գտնվում է կարճաժամկետ արձակուրդի մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը դիմել են ՍԴ՝ պահանջելով չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները:



























