Սահմանադրական դատարանում այսօր` մարտի 12-ին, միջադեպ է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ՍԴ-ից, նիստի ընդմիջման ժամանակ ակտիվիստ Կարեն Հարությունյանը միջանցքում գտնվող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին ասաց` հանցագործ, մի քանի անգամ կրկնելով դա:
Ի պատասխան Մուկուչյանը նշեց, որ եթե մի կնոջ նվիրում են վարդ եւ նա դա գնահատում է, իսկ մի կենդանու տալիս են վարդ, ով ուտում է` չգնահատելով այն, չի նշանակում, որ վարդը վարդ չէ:
Սակայն դրանից հետո Հարությունյանը մի քանի անգամ բղավեց. «Մուկուչյանը հանցագործ է, ինչո՞ւ եք նրանից հարցազրույց վերցնում»: Երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին հանգստացնել նրան, ակտիվիստը նշեց, թե հանցագործի է տեսել եւ բարձրաձայնում է:
Վերջինիս մոտեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` Կարենին մեղադրելով բազմիցս սադրանքներ հրահրելու մեջ: «Դուք հանրապետականի՞ց եք, դուք էլ եք հանցագործ»,- ի պատասխան նշեց Կարեն Հարությունյանը: «Եթե ես հանցագործ եմ, դիմիր դատարան: Ժողովրդի մի մասի համար ես հանցագործ եմ, մյուս մասը ինձ վստահում է»,- նշել է Մարգարիտ Եսայանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























