ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջել է կալանավորել «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի անդամ, պատգամավոր Դմիտրի Գուդկովին՝ «հայրենիքի դավաճանության» համար: Գուդկովի հասցեին մեղադրանքները հնչել են նրա ԱՄՆ մեկնելուց եւ հակառուսական համաժողովին մասնակցելուց հետո:

 «Ատո՞ւմ ես վարչակարգը՝ իրավունք ունես: Հանձնիր մանդատը եւ գնա ուր ուզում ես», – նշել է ՌԼԴԿ առաջնորդը: Ըստ նրա՝ եթե ամերիկացի կոնգրեսականը գար Ռուսաստան եւ Գոդկովի նման բանակցություններ վարեր,  վերադառնալուն պես նրան կձերբակալեին: «Ես առաջարկում եմ նույնն անել»,- մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանրային պալատը հետաքրքրվել է, թե ում հաշվին էր Դմիտրի Գուդկովն ԱՄՆ մեկնել: «Այն, որ Գուդկովն ԱՄՆ-ում էր, արդեն խայտառակություն է: Սակայն ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ փողերով է նա գնացել: Եթե հարկատուների փողերով, ապա ինչո՞ւ պետք է պետդուման վճարի նման  բռի քայլերը», – հայտարարել է Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆեդոտովը, որը մոտ օրերս մտադիր է Պետդումա դիմում ուղարկել այս հարցով: 

«Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի գերագույն խորհրդի բյուրոն նույնպես մարտի 13-ին կքննարկի Գուդկովի այցն ԱՄՆ, որի մասին ղեկավարությունը տեղյակ չէր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բացի դրանից,  բյուրոյի նիստին նաեւ կքննարկվի կուսակցությունում Դմիտրի եւ Գենադի Գուդկովների հետագա անդամակցության հարցը:

Պետդումայի պատգամավոր եւ ընդդիմության   Համակարգող խորհրդի անդամ Դմիտրի Գուդկովը ԱՄՆ-ում մասնակցել էր հակառուսական համաժողովի: Հայտարարելով, որ մեկնում է ամերիկյան ընտանիքների որդեգրած ռուսաստանցի որբերին տեսության, Գուդկովն անսպասելի հայտնվել էր համաժողովի զեկուցողների շարքերում.  «Նոր մոտեցո՞ւմ, թե՞ հին ձեւով բիզնես: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը՝ Պուտինի կողմից պտուտակները ձգելուց հետո»: