Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն անհասկանալի է եւ անտրամաբանական: Այդ մասին այսօր՝ մարտի 12-ի մամուլի ասուլիսում, հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Տրամաբանական կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեր այն դեպքում, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը չբավարարեր նրա պահանջը», - նշել է պատգամավորը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու պայքարի իր ձեւը:
Ըստ նրա՝ Հայաստանում ընտրություններն ազատ են անցել, թափանցիկ: Դրա լավագույն օրինակը ընտրատեղամասերում «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստորագրություններն են արձանագրությունների ներքո, որոնք վկայում են, որ իրենք նույնպես համաձայն են քվեարկության արդյունքների հետ:
«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքակիրթ քաղաքական գործիչ է, նախագահական ընտրությունների քվեարկությունից հետո մենք սպասում էինք, որ նա կշնորհավորի Սերժ Սարգսյանին», - նշել է ՀՀԿ-ական պատգամավորը: Նա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է արել ծայրահեղ քայլերի գնալու փոխարեն երկխոսություն սկսել իշխանությունների հետ, ինչը հնարավորություն կտար ստեղծված իրավիճակում լուծում գտնելու:
Ընդ որում, պատգամավորն ընդգծել է, որ իշխանություններն ուժեղ ընդդիմության կարիք ունեն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին նոր ընդդիմադիր ճակատ կառուցելու հիանալի հնարավորություն է ընձեռնված, որի շնորհիվ նրան կհաջողվի պահպանել այն լայն զանգվածի վստահությունը, որն իր ձայնը նրան էր տվել: «Անկասկած, իշխանությունները կընդունեն Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նա որոշի դառնալ ընդդիմության նոր առաջնորդ», - եզրակացրել է նա:
Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում հավաքի ժամանակ հացադուլ էր հայտարարել: «Մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ոչ թե իմ պահանջով, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով: Պետք է ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը», - ասել էր նա:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 15-ին ժ.17.00-ին: Հովհաննիսյանը նշել է, որ այդ օրը հավաքվածները կքննարկեն իրենց հետագա գործողությունները, Երեւանի ավագանու կայանալիք ընտրությունները, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի վճիռը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























