Ասօրվա իշխանությունը  շատ բան է տեսել, եւ այնպես չէ, որ իրեն կարելի է նման հուզական գործիքներով ճնշել, եւ անգամ, երբ ասում ես` իմ դիակի վրայով,  դա միայն ցույց է տալիս, թե ինչի ես դու ընդունակ ու պատրաստ` իշխանության, աթոռի համար, ուրիշ որեւէ ռեալ բան կարծես ցույց չի տալիս: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը:

«Այսօր մեր աչքի առաջ , ե’ւ Սահմանադրական դատարանում, ե’ւ ընդհանրապես քաղաքական հարթակներում հիմնականում այս եւ այս տիպի միջոցներ են կիրառվում: Հացադուլը նույնպես  այդ տրամաբանական «ծիրին» մեջ է, եւ կարելի է ասել դրա տրամաբանական ավարտն է, որովհետեւ պարզ է, որ ուրիշ անելիքներ չկան`  վերցված է մի բեռ , որն ուժերից վեր է, եւ վերցված է չմտածված, հայտարարություններ են եղել, որոնք արվել են չգիտակցված, առանց դրանց հետեւանքը պատկերացնելու  եւ, ինչպես ասում են, իրենք իրենց փակուղու առջեւ են կանգնեցրել: Հացադուլը հոգեբանական ճնշման միջոց է` հուզական շարքից, նույն հուզականությունն, ինչը մենք տեսնում էինք փետրվարի 18-ից հետո հարթակում հնչեցված ելույթների  մեջ: Ասենք, որ այսօրվա իշխանությունը  շատ բան է տեսել, եւ այնպես չէ, որ իրեն կարելի է նման հուզական գործիքներով ճնշել, եւ անգամ, երբ ասում ես` իմ դիակի վրայով,  դա միայն ցույց է տալիս, թե ինչի ես դու ընդունակ ու պատրաստ` իշխանության, աթոռի համար, ուրիշ որեւէ ռեալ բան կարծես ցույց չի տալիս:

Զարմանալին այն է, որ իրավական գործընթացում այսօր կիրառվող գործիքը քաղաքական վերլուծությունն է/աղյուսակներ, գրաֆիկներ տեսանք /, բայց իրավական դաշտում դրանով չեն խոսում: Սահմանադրական կամ Վարչական դատարաններում, եւ առհասարակ,  իրավական հարթությունում խոսակցությունը պետք է գնա կոնկրետ փաստերով, փաստարկներով, իսկ քաղաքական դաշտում` քաղաքական վերլուծություններն են:  Այսօր մեր ընդդիմությունը ցույց է տալիս մի հետաքրքիր վարվելակերպ` իրավական դաշտում խոսում են քաղաքական տերմիններով, քաղաքական բանաձեւումներով եւ վերլուծություններով (դրանց հիմնավորության բացակայությունը թողնենք վերլուծաբանների մասնագիտական կարողությունների վրա ), մինչդեռ, քաղաքական դաշտում` ինչ-որ անհասկանալի ակնարկներով, իբրեւ թե գոյություն ունեցող փաստարկների շուրջ, որոնց մասին որեւէ տեղ չի բարձրաձայնվում եւ որոնց իրական գոյությունը որեւէ մեկը չի արձանագրել.  ինչ-որ դիմումներ, որոնք հապճեպ են արված,  օրենքների խախտումներով: Այս բոլորը ցույց են տալիս մի բան, որ ընդդիմությունը, ունենալով անգամ այս 37 տոկոսը, ինքն իր իրական չափն ու տոկոսը շատ լավ գիտեր եւ իր մարդկային ռեսուրսը, իր մասնակցությունը հանձնաժողովներում նույնպես դա է փաստում, այսինքն, երբ մենք ասում ենք, որ իրենք զարմացել են այս արդյունքի վրա, իրականում դա շատ տեղին զարմանք է: Պարզապես գնացքը գնացած պարագայում հանկարծ սթափվել են, եւ մտածել, որ կարելի էր սա օգտագործել, ինչ-որ միջոցներ ձեռնարկել`մի քիչ պոռանք , մի քանի կիլո կիսատ-պռատ սարքած թուղթ հավաքենք, նեղված տատիկ, պապիկներին հավաքենք հրապարակ, ջահելներին դասերից «թռնելու» կոչ անենք, գեղեցիկ, հուզական նախադասություներն ու ռոմանտիկ քայլերն էլ վերադիր` դե եղավ էլի: Բայց ռեալ մարդկանց իրենք հետեւից տանելու ոչ ասելիք կա, ոչ գործողությունների ծրագիր»,-ասված է Նաղդալյանի հայտարարությունում: