Սահմանադրական դատարան ներկայացված հայցի փաստացի հիմնավորումները նրանք են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունից տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացված ոչ մի դիմումի ընթացք չի տրվել: Այդ մասին  Սահմանադրական դատարանում այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ, խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա հրաժարվել է մեկնաբանել ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող  ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի արտահայտությունները հայցերի անբովանդակ լինելու վերաբերյալ:  Մինչդեռ, ըստ Փոստանջյանի՝ ԿԸՀ-ն իրավասու է սեփական նախաձեռնությամբ վարչական գործ հարուցել, եթե որոշակի կասկածներ կան: «Բոլորին հայտնի է, թե որքան վարչական գործեր էին վերցվել, այն էլ՝ նախընտրական ժամանակահատվածում: Ինչպե՞ս ստացվեց, որ ԿԸՀ-ն անվստահության մթնոլորտի պայմաններում  ոչ մի վարչական գործ չհարուցեց: Ինչպե՞ս ստացվեց, որ ոչ մի տարածքային ընտրական հանձնաժողով չդիտարկեց ոչ մի գործ: Ավելին, ԿԸՀ-ի իրավաբանը հրահանգել էր, որպեսզի ընտրատեղամասերում ընթացք չտան Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին», - ասել է Զարուհի Փոստանջյանը:

Ի պատասխան հարցին, թե ՍԴ-ն կօգտվի արդյոք հնարավորությունից եւ կկայացնի իրենց համար դրական դատավճիռ,  Փոստանջյանը նշել է, որ  բոլորին հնարավորություն տրվում է, այդ թվում նաեւ ՍԴ-ի դատավորներին, եւ յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից, հատկապես երկրի համար նման կարեւոր եւ ճակատագրական պահին: «Կարծում եմ, որ ՍԴ-ն պետք է օգտվի այդ հնարավորությունից կամ էլ նրա անդամները կհամալրեն հանցագործների շարքերը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am