Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը: Այդ մասին Հովհաննիսյանը հայտնել է Ազատության հրապարակում այսօր` մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Լրագրողներից մեկը «Ժառանգության» առաջնորդին հիշեցրեց նախօրեին իր արած մի հայտարարությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ավելի ժողովրդավար դարձնի Ռուսաստանը, եւ հարցրեց` արդյոք Ռուսաստանը ժողովրդավար երկիր չի համարում: «Իմ նկատողությունը եղել է համահավասար: Ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել եւ շնորհավորել են, պետք է վերանայեն որոշումը: Առաջին հերթին ասել եմ ԱՄՆ նախագահ Օբամային: Այդ պահանջը վերաբերում է Ֆրանսիային եւ Ռուսաստանին: Ռուսաստանը, որ մեր ռազմավարական գործընկերն է, պետք է դառնա ավելի ժողովրդավար: Իմ բառերը չխեղեք: Ինձ համար ընդունելի կլինի, որ կանգնի սահմանադրության, արդար ընտրության կողքին, այլ ոչ կեղծված ընտրությունների: Ես չունեմ հակառուսականություն, հակամերիկյանություն, հակաասիականություն, ես սիրում եմ մեր երկրի շահը»,- նշեց Հովհաննիսյանը:
Խոսելով Մաքսային միության մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ես դեմ եմ Մաքսային միությանը, նաեւ Եվրասիական նախաձեռնությանը Հայաստանի անդամակցությանը, թեեւ դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է երկկողմանի ամուր հարաբերություններ ունենա արեւելքի պետությունների հետ, նաեւ դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին»: Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը պետք է զարգանա եվրոպական ուղղությամբ, թեեւ նա ներկա դրությամբ իրատեսական չի համարում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























