Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդար դատավճիռ է անկալում Սահմանադրական դատարանից` ներկայացված հայցի առնչությամբ: Այդ մասին Հովհաննիսյանը հայտնել է Ազատության հրապարակում այսօր` մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Հարցին, եթե Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ, արդյոք նա դուրս կգա հացադուլից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե»-ները չեմ ընդունում: Կողջունեմ, եթե գա հրապարակ: Կողջունեմ նաեւ, երբ Սահմանադրական դատարանն արդար որոշում կայացնի: Հավատ ունեմ, որ մարդը կարող է ուղղվել, եւ կարծում եմ` ՍԴ-ն ունի եզակի հնարավորություն իր հետագիծը մաքրելու: Հույս ունեմ, որ նախադեպային վճիռ կհրապարակվի: Սպասենք դատարանի վճռին եւ հուսանք, որ չի արդարացնելու գողացված ընտրությունների արդյունքները»,- նշեց նա:
Նա նաեւ նշեց, թե սիրով կլսի պարոն Սարգսյանի հանգուցալուծման առաջարկները: «Եթե կամ դատարանից, կամ պարոն Սարգսյանից ստանամ այդ երաշխավորված լուծումը, որը թույլ կտա հանգուցալուծում գտնել այս համազգային տագնապին, իհարկե կդիտարկեմ հացադուլից դուրս գալու լուծումը, իսկ եթե ուժ չգտավ մինչեւ ապրիլի 9-ը ինքնաբացարկ տալ, մենք միասին կտոնենք նոր Հայաստանի երդմնակալությունը»,- նշեց նա:
Հարցին, հնարավո՞ր է դադարեցնի պայքարը վարչապետի պաշտոնի դիմաց, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Ես պաշտոնի համար չեն պայքարում, ոչ մի պաշտոնի: Ես կդիտարկեմ պարոն Սարգսյանի առաջարկած համալիր ցանկացած առաջարկ, եւ ոչ մասնակի ու հետաձգված»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























