«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում իր հետ չկապել 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի արյունը: Այդ մասին Հովհաննիսյանը հայտնել է Ազատության հրապարակում այսօր` մարտի 12-ին կայացած բացօթյա մամուլի ասուլիսում:

«Ես մարտի 1-ին Պետերբուրգում էի, ցավում եմ, որ Երեւանում չեմ եղել: Պիտի Երեւան վերադառնայի եւ անմիջապես գնայի Բաքու: Ցավոք հետաձգվեց քանի տարիներ Բաքու այցս: Երբ ես իմացա ողբերգության մասին, կարճ կապեցի իմ առաքելությունը Պետերբուրգում եւ հասա Երեւան մարտի 2-ի առավոտյան: Անմիջապես գնացի հիվանդանոցներ վիրավորների մոտ, Արմեն Մարտիրոսյանի մոտ, ով փրկել էր ոստիկանին իմացա ողջ եղելությունը, որ այնտեղ ոստիկանի ու մարդկանց միջեւ ոչ թե եկեղեցին էր, ոչ թե այլ պատասխանատուներ, այլ «Ժառանգության» պատգամավորներն են եղել, որոնց առջեւ խոնարհվում եմ»,- պատմեց Հովհաննիսյանը:

Նա նաեւ կոչ արեց իր անվան հետ չփորձել կապել մարտի 1-ի զոհերի արյունը: «Եւ թող ոչ ոք իմ անվան հետ չկապի 10 զոհերի անունները, եւ այդ պատասխանատվությունը պետք է փնտրել ուրիշ տեղ, ուրիշ տեղեր»,- նշեց նա` հավելելով, որ դեռ շատ բան գաղտնի է պահվում:

Նա նաեւ անդրադարձավ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն իր մասնակցելու փաստին եւ նշեց, որ որպես բողոքի ակցիա  գնացել է սեւ «վադալազկայով»: «Ես սեւազգեստ գնացի, լսեցի եւ դուրս եկա շենքից, եւ ով ասաց, թե շամպայն խմեցի եւ շնորհավորեցի, սուտ է ասում եւ ներողություն եմ պահանջում իրենից»,- նշեց նա: