Սահմանադրական դատարանում, որտեղ երկրորդ օրը քննվում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները՝ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, օրն ավարտվել է միջադեպով: Այս մասին Սահմանադրական դատարանից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը նիստից հետո մոտեցել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հարցրել արդյոք կարո՞ղ է խորհրդատվություն ստանալ, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը հարցրել է. «Իսկ դու ո՞վ ես»:
Կարեն Հարությունյանն էլ պատասխանել Է. «ՀՀ քաղաքացի եմ, իսկ դու հանցագործ ես»: Այդ արտահայտությունից հետո Հրայր Թովմասյանը բորբոքված հակադարձել է, որ վերջինս իրեն նման բան ասելու իրավունք չունի: Միջադեպին միջամտել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանում գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Դավիթ Հարությունյանը: Մինչ վերջինս փորձել է զսպել Հրայր Թովմասյանին, ակտիվիստը մի քանի անգամ բացականչել է, թե Հրայր Թովմասյանը հանցագործ է, քանի որ դատարանում պաշտպանում է հանցագործի շահերը: Վիճաբանող կողմերին հաջողվել է իրարից հեռացնել եւ կանխել լեզվակռիվը: Հրայր Թովմասյանը Դավիթ Հարությունյանի եւ Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ դուրս է եկել շենքից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանում այսօր` մարտի 12-ին, միջադեպ է գրանցվել: Ինչպես հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը ՍԴ-ից, նիստի ընդմիջման ժամանակ ակտիվիստ Կարեն Հարությունյանը միջանցքում գտնվող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին ասել է` հանցագործ, մի քանի անգամ կրկնելով դա: Ի պատասխան Մուկուչյանը նշել է, որ եթե մի կնոջ նվիրում են վարդ եւ նա դա գնահատում է, իսկ մի կենդանու տալիս են վարդ, ով ուտում է` չգնահատելով այն, չի նշանակում, որ վարդը վարդ չէ: Սակայն դրանից հետո Հարությունյանը մի քանի անգամ բղավել է. «Մուկուչյանը հանցագործ է, ինչո՞ւ եք նրանից հարցազրույց վերցնում»: Երբ անվտանգության աշխատակիցները փորձել են հանգստացնել նրան, ակտիվիստը նշել է, թե հանցագործի է տեսել եւ բարձրաձայնում է: Վերջինիս մոտեցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` Կարենին մեղադրելով բազմիցս սադրանքներ հրահրելու մեջ: «Դուք հանրապետականի՞ց եք, դուք էլ եք հանցագործ»,- ի պատասխան նշել է Կարեն Հարությունյանը: «Եթե ես հանցագործ եմ, դիմիր դատարան: Ժողովրդի մի մասի համար ես հանցագործ եմ, մյուս մասը ինձ վստահում է»,- նշել է Մարգարիտ Եսայանը:



























