«Ինձ բացարձակապես դժվար չէ Սահմանադրական դատարանում հանդես գալ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի արդարադատության նախարար, ՍԴ-ում գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող Հրայր Թովմասյանը՝ պատասխանալեվ հարցին, թե արդյոք դժվար չէ ՍԴ-ում լինել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ընդդիմախոսը, որի հիմնադիր անդամն է հանդիսանում ինքը:

«Հոգեբանորեն դա դժվար չէ: Բոլորին թվում է, թե եթե մենք դատարանում ընդդիմախոս ենք, ապա մենք թշնամիներ ենք, դա բացարձակապես այդպես չէ: Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ իշխանության ներկայացուցիչները ջերմ են վերաբերվում ըիրենց ընդդիմախոսների նկատմամբ: Մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ տեսակետների տարբերությունը մարդկանց թշնամի էր դարձնում: Ի վերջո, երկու կողմերի նպատակն էլ մեկն է՝ բարելավել Հայաստանի կյանքը, պարզապես մենք տարբեր ենք տեսնում այդ ճանապարհը»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ դուրս գալով դատարանի դահլիճից, ինքը կմնա նույն Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ ինքը մեծ ներդրում ունի «Ժառանգություն» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության ստեղծման հարցում: «Այդ կուսակցությունում ես շատ մտերիմներ ունեմ: Չլինելով կուսակցության անդամ, 2003-ին ես պաշտպանել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին դատարանում»,-ընդգծեց Թովմասյանը: