Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 04.55-ին սննդային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Էմինեսկի փողոցի շենքերից մեկի բնակիչներ` 23-ամյա Եղիա Բոլոյանը, 20-ամյա Սեւակ Կասիսը, 26-ամյա Արփինե Շահվերդյանն ու 21-ամյա Միքայել Պետրոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում, փետրվարի 20-ին արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան եւս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյաղված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը եւ երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են եւ ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատեւ բուժմանը եւ բժիշկների ջանքերին, 92-ամյա մոր եւ 70-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել: Նշենք, որ մայրը մահացել է փետրվարի 21-ին։
Մարտի 10-ին բոտուլիզմի դեպքն է արձանագրվել նաեւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների եւ հարեւանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո:



























