Եթե իշխանությունները Հայաստանում չեն ցանկանում, որ ժողովուրդն ու պետությունը վերջնականապես բաժանվեն, պետք է հրաժարական տա: Այդ մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Նրա խոսքով՝ արդեն ոչ ոք չի հավատում ներկայիս իշխանությանը: «Արդեն երիտասարդներն էլ նկատում են նրանց ագրեսիվ քաղաքական վարքը եւ լավ հասկանում են, որ չի կարելի ինչ-որ հարց լուծել: Անհրաժեշտ է հասկանալ, որ ընտրողներին կաշառելու փուլն արդեն անցել է: Եթե խորհրդարանական ընտրություններին այն ինչ-որ արդյունքների հանգեցրեց, նախագահականում այդ համակարգն արդեն չաշխատեց: Պետք է ցրել Ազգային Ժողովն ու հնարավորինս շուտ, մեկ ամսվա ընթացքում նոր խորհրդարան ընտրել` բաղկացած անկախ եւ անկուսակցական պատգամավորներից: Իշխանությունները պետք է հասկանան, որ կառավարման հին փուլն ավարտվել է, մարդիկ սկսել են պահանջել իրենց իրավունքների պահպանումը»,- ասել է քանդակագործը:

Միաժամանակ նա նշել է, թե Սերժ Սարգսյանը չպետք է թույլ տա պետական կառույցների կաթվածահարումը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին` Վիգեն Ավետիսը ողջունել է նրա հացադուլի որոշումը: Նա նաեւ նշել է, թե ապրիլի 9-ին կամ 10-ին Հայաստանում խորհրդարանական նոր ընտրություններ կհայտարարվեն:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am