Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է գործող նախագահին ընդունել, մեծ ուրախությամբ նրան կընդունի այստեղ եւ կզրուցի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ զրուցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, սակայն դեռեւս որեւէ արձագանք չկա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կա քաղաքական հացադուլ, որը միանշանակ պայքարի գործուն, խաղաղ միջոց է, հացադուլ, որը փոխարինեց Բաղրամյան 26-ի ուղղությունը, այսինքն, նրա խոսքով, արմատական գործողություններ իրականացվեցին ոչ թե Բաղրամյան 26-ի ուղղությամբ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը վեկտորը ուղղեց իր վրա:

«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ թեեւ Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին կասկածանքով վերաբերողներ կային, բայց սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար, որքան էլ փորձում են ցինիկ արտահայտություններ անել:

«Իշխանությունը ցայտնոտի մեջ է հայտնվել, լուծման ուղիներ է փնտրում: Ես հույս ունեմ, որ գործող նախագահը թիմակիցներին չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է, ոչ թե թիմակիցներինը»,,- նշեց նա: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պետք է փորձի լուծում տալ այս համապետական ճգնաժամին, եւ հույս ունի, որ այդ լուծումը երկար սպասեցնել չի տա, եւ երկու առաջնորդների՝ երրորդ եւ չորրորդ նախագահների հանդիպումից հետո իշխանությունները կփորձեն իրական առաջարկությունները ներկայացնել լուծման ուղղությամբ:

«Հացադուլ անող նախագահը մեկ վրանի իրավունք չունի, սա ոչ թե ապահով Հայաստանի մասին է խոսում, այլ անապահով, երբ մարդը նույնիսկ մեկ վրան չի կարող ունենալ հացադուլի ընթացքում», - նշեց նա: Մարտիրոսյանը կարծում է, որ այս պայքարը արդյունք տալու է, եւ մինչեւ ապրիլի 9-ը իշխանությունը երկխոսության մեջ կմտնի եւ իրական լուծումներ կառաջարկի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am