Եթե ՀՅԴ-ի մեր գործընկերները առանձին մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին, ապա խնդիր չկա: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ 125-ամյա կուսակցություն է, կարող են մասնակցել առանձին ցուցակով՝ Արմեն Ռուսատամյանի գլխավորությամբ: «Ժառանգությունը» կողմ է լայն ֆորմատին, մենք կարծում ենք, որ սա այլեւս համազգային պայքար է, այն ցուցակը, որը մասնակցելու է ավագանու ընտրություններին, պետք է ամփոփի այս համազգային պայքարը»,- նշեց նա: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը, ապա նա նշեց, որ տեսակետների փոխանակման հանդիպում է եղել, եւ իրենք հայտարարել են, որ բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են մասնակցություն ունենալ պայքարին, կարող են ողջունել: Ընդդիմադիր գործիչն ասաց, որ ով ժողովրդի կողքին է, պետք է լինի Ազատության հրապարակում, եւ ժողովուրդն ինքը տեսնի:
Խոսելով Արամ Սարգսյանի՝ ընդդիմության մանդատները վայր դնելու առաջարկի մասին, նա նշեց, որ եթե ամբողջ ընդիմությունն, այլընտրանքն էլ հետը, մանդատները վայր դնեն, արդյունք կտա, կարագացնի արտահերթ ընտրությունները, բայց թե պրակտիկայում որքանով է դա հնարավոր, բարդ հարց է:
Արմեն Մարտիրոսյանը հերքեց նաեւ երեկ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածված «Ժառանգության» ստվերային կառավարության կազմը՝ ասելով, որ «մարդիկ մեծ երեւակայություն են ունենում, ինքնուրույն ինչ-որ ցուցակներ են կազմում, դա կապ չունի այս պայքարի հետ, նմանտիպ ստվերային կառավարություն չկա «Ժառանգությունում» եւ նաեւ այստեղ գործող շարժումում: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ դա կարճաժամկետ շոու սարքելու, մի փոքր ցեխարձակում իրականացնելու նպատակ էր հետապնդում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























