Թուրք ազգայնականներին զարյրացրել է, որ պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեղմել է Շվեդիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մեհմեդ Քափլանի ձեռքը եւ գովեստներ շռայել Շվեդիային։

Թուրքական Internetajans.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Շվեդիայում հանդիպումների ժամանակ ջերմորեն սեղմել է Շվեդիայի խորհրդարանի թուրք պատգամավոր Մեհմեդ Քափլանի ձեռքը։ Մեհմեդ Քափլանը հանդիսանում է Շվեդիայի խոհրդարանի ազգությամբ թուրք 3 այն պատգամավորներից մեկը, որոնց շնորհիվ Շվեդիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ։  Նշվում է, որ եթե Քափլանը մասնակցեր քվեարկությանը եւ «ոչ» ասեր, ապա բանաձեւը չէր ընդունվի։

Թուրք ազգայնականներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ Գյուլը գովեստի խոսքեր է ասել Շվեդիայի հասցեին՝ մոռանալով, որ 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից հետո խիստ լարվել էին երկկողմ հարաբերությունները, հետ էր կանչվել Շվեդիայում Թուրքիայի դեսպանը եւ վարչապետ Էրդողանը չեղյալ էր հայտարարել Շվեդիա նախատեսված այցը։

Նշենք, որ 2010թ.  մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Օրինագծին կողմ են արտահայտվել երեք ընդդիմադիր կուսակցությունները` սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ձախերը: 131 կողմ, 130 դեմ հարաբերակցությամբ բանաձեւն ընդունվել է: