Այն կարգավիճակը, որը «Ժառանգությանը» հաջողվեց ստանալ նախագահական ընտրություններում, այս պահին դժվար է ասել կհաջողվի՞ ստանալ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում, թե՝ ոչ: Այս մասին այսօր` մարտի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ արձագանքելով հարցին, թե ավագանու ընտրություններում «Ժառագությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:
«Հետընտրական զարգացումները թույլ չեն տալիս հստակ պատասխանել հարցադրմանը, որովհետեւ քաղաքական գործչի եւ թիմի կարեւորագույն հատկություններից մեկն այն է, որ ինքն իր առջեւ դնի իրատեսական խնդիրներ եւ հասնի դրանց: Ես չեմ բացառում, որ տեղի ունենան վերագնահատումներ «Ժառանգություն» կուսակցության եւ նրա լիդերի ընթացող գործընթացներին»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանական ուժերի ընդհատված խորհրդակցություններին, ՀՀԿ-ական պարտգամավորը նշեց, որ որքանով տեղյակ է, դրանք ընդհատվել են միակողմանի: «Իշխանության ներկայացուցիչների համար այդ քննարկումները դեռ ավարտված չեն եւ նրանք պատրաստ են համապատասխան բարի կամքի դրսեւորման դեպքում շարունակել»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությանը, Մինասյանն ասաց, որ ԲՀԿ-ն ունի բավական մեծ կառույցներ եւ հզոր ընտրազանգված, որի վկայությունն էին վերջին խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա՝ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունը մրցակցություն կապահովի, կպայմանավորի նաեւ ընդդիմադիր դաշտի ձայների բաշխումը: «Ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում այդ եւ մյուս ուժի մասնակցության բացակայությունը ապահովեց Րաֆֆի Հովվհանիսյանի 37 տոկոս ձայների առկայությունը»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նա նշեց, որ, մեղմ ասած, դա ամենընդունելի եւ կիրառելի քաղաքական գործիքը չէ քաղաքական առկա խնդիրների լուծման համար:




























