Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ոչ միայն ավանդական ռազմատեխնիկական ձեւաչափով, այլեւ Ռուսաստանն աստիճանաբար մեծացնում է իր տնտեսական ներկայությունը մեր երկրում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ զուգահեռաբար զարգացել է համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: «Դա, առաջին հերթին, պայամանովրած է Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությամբ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ ռազմատեխնիկական ոլորտում: Դրան գումարած, Ռուսաստանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի՝ Մոսկվա կատարած այցին, նա նշեց. «Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված է նախագահի ընտրվելուց հետո առաջին այցին խորհրդանշական կարեւորություն տալ: Ինքը՝ նախագահը նշեց ոչ միայն առկա փոխհարաբերությունների մակարդակը պահպանելու, այլեւ դրանք խորացնելու կարեւորությունը: Դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ որ ուղղություններով կլինի այդ խորացումը»:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ այցի ընթացքում կողմերը կարող են քննարկել տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, ռուս-վրացական հարաբերություններում հնարավոր փոփոխությունները: «Այդ տեսանկյունից, մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկման հարցը, ինչը էապես կթեթեւացնի առեւտրատնտեսական հարաբերությունները»,-ընդգծեց նա: