Ադրբեջանի Գրողների միությունում արյուն է թափվել: «Ադրբեջան» եւ «Ուլդուզ» գրականագիտական ամսագրերի կողմնակիցների միջեւ լուրջ տարաձայնություն է ծագել Աքրամ Այլիսլիի եւ նրա  «Քարե երազներ» ստեղծագործության նկատմամբ ունեցած վերաբերմունքի շուրջ:

haqqin.az-ը հայտնում է, որ միության շենքի 4-րդ հարկում գտնվող «Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում գրող Էլչին Հուսեյնբեյլիի եւ Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ հանդես եկող քննադատ  Ասադ Ջահանգիրի միջեւ ծագած վեճը վերաճել է կռվի: Արդյունքում Ասադ Ջահանգիրը շիշ է նետել Հուսեյնբեյլիի վրա, որը հետաքրքիր կերպով փոխել է հասցեատիրոջը եւ կտրել կազմակերպության պատասխանատու քարտուղար Տոֆիկ Մեհթիեւի ձեռքը: Վերքին կարեր են դրվել:

Ադրբեջանի Գրողների միության նախագահ Անարը ներկայումս քաղաքում չէ, եւ երկու կողմերն էլ փորձում են թաքցնել միջադեպը՝ վախենալով կորցնել Միությունում իրենց տեղերը, հայտնում է AzNews.az-ը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում  հայերի եւ ադրբեջանցիների բարդ հարաբերությունների մասին պատմող  «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո Այլիսլին հետապնդումների է ենթարկվել՝ նրան զրկել են բոլոր կառավարական պարգեւներից, Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից եւ նախագահական անհատական թոշակից:  Նրա գրքերն այրվել են Բաքվում եւ Ադրբեջանի մի շարք քաղաքներում, իսկ տան մոտ ցույցեր են տեղի ունեցել: «Ենի մուսավաթ» կուսակցությունը 12 հազար դոլար պարգեւավճար էր խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը: Հետապնդումների են ենթարկվել նաեւ գրողի ընտանիքի անդամները: