Հայ ազգային կոնգրես դաշինքը կա եւ շարունակելու է լինել: Այս մասին այսօր` մարտի 13-ին, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց եւ տեւական զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մեր հարցին, թե անդամակցելո՞ւ եք ՀԱԿ կուսակցությանը, նա պատասխանեց. «Ես հանդես եմ եկել քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ, որին անդամակցությունը ենթադրում է, որ քաղաքացին չպետք է լինի որեւէ կուսակցության անդամ կամ պետք է հրաժարվի նախկինում ունեցած կուսակցական պատկանելիությունից, ըստ այդմ` անտրամաբանական կլիներ, եթե ես անեի քայլեր, որոնք կբացառեին իմ իսկ մասնակցությունն այդ նախաձեռնությանը»:
Հարցին, թե ՀԱԿ դաշինքը կա, թե՝ ոչ, նա պատասխանեց, որ «Իհարկե կա, իսկ ո՞վ է հայտարարել ՀԱԿ-ի լուծարման մասին»: «Հայ ազգային կոնգրես դաշինքը կա: Ինչ կլինի հետագայում, ցույց կտա հետագան, բայց իմ կարծիքն այն է, որ ՀԱԿ դաշինքը կա եւ շարունակելու է լինել»,- ասաց նա:




























