Արարատի մարզի բնակչուհի 59-ամյա Անիչկա Հ.-ն կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել թոռանը Վրաստան փախցրած եւ նրա հետ սեռական հարաբերություն ունեցած երիտասարդին: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 59-ամյա Անիչկա Հ-ի թոռը` 19-ամյա Հասմիկ Ս.-ն, ծանոթացել ու սկսել է շփվել Գասպար Մ.-ի հետ: Մտերմիկ հարաբերությունները շարունակելու ու Հասմիկի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու նպատակով Գասպար Մ.-ն դիմել է նրա մորը` Նազիկ Ս-ին, ստացել բացասական պատասխան, սակայն երիտասարդները շարունակել են հանդիպել:
Գասպար Մ-ի հետ նախնական համաձայնության գալով, Հասմիկն ինքնակամ, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու, հեռացել է տնից ու տղայի հետ մեկնել Վրաստան, որտեղ էլ մի քանի անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Հասմիկ Ս-ի մայրը հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժին` Գասպար Մ-ի կողմից ամուսնության նպատակով իր անչափահաս դստերն առեւանգելու մասին: Մի քանի օր անց նրանք վերադարձել են Հայաստան եւ Հասմիկի ազգականների հետ հաշտվելու նպատակով գնացել նրանց տուն:
Տանը խոսակցության ընթացքում Հասմիկ Ս-ն իր հարազատներին պատմել է, որ Գասպար Մ-ն իրեն խաբել է ու Երեւան գնալու պատրվակով տարել է Վրաստան, որտեղ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել իր կամքին հակառակ: Այս մասին լսելուց հետո նրա հարազատներն սկսել են ոտքերով, ձեռքերով եւ հողաթափերով ծեծել Գասպար Մ-ին: Դրանից հետո, երբ Գասպար Մ-ն կքանստած վիճակում է եղել, Նազիկ Ս-ն բոբիկ ոտքով, աջ կողմից մեկ անգամ հարվածել է նրա ծնոտի աջ հատվածին, իսկ երբ տեղից բարձրացել է, Անիչկա Հ-ն վերցնելով օջախի մոտ դրված շուրջ կես մետր երկարություն ունեցող տախտակի կտորը, աննկատ մոտեցել է Գասպարին ու հարմար պահ ընտրելով՝ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կողմին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո, տախտակը մի կողմ է նետել ու դարձյալ ձեռքերով ծեծի են ենթարկել Գասպար Մ-ին:
Ահազանգով դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները Գասպար Մ-ին բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հասմիկ Ս-ին առեւանգելու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դրվագով Գասպար Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ եւ 141-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Սակայն քննելով գործը դատարանը վճռել է Անիչկա Հ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել 1 տարի փորձաշրջանի ժամկետով:Մեկամսյա ժամկետում գործը կարող է բողոքարկվել:



























