Հայաստանը եւ Վրաստանը հիմնականում համագործակցում են տնտեսական եւ մշակութային բնագավառներում, պաշտպանական բնագավառում համագործակցությունն այնքան էլ զարգացած չէ: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ի մամուլի ասուլիսում  հայտնել է վրացագետ, Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանն ընտրել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին եւ ռազմավարական հարաբերություններ է պահպանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ հանդես գալով համարժեք քաղաքականության տեսանկյունից», - նշել է Մելիքյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը նպաստում է առանձին հարցերում հայ-վրացական պաշտպանական համագործակցությանը: «Այսօր չպետք է ավելին սպասել պաշտպանության բնագավառի համագործակցության առումով, սակայն դիտվում է  դրա խորացման  միտում», - եզրակացրել է Մելիքյանը: