Երեկ Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էր գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերի։
«-Պարոն Սուքիասյան, ներքաղաքական որոշակի պրոցեսների՝ Ձեր մասնակցության հնարավորությունը կա՞։
-Ես ինքս ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ում համակարգերը գործեն, լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն, արդյունաբերությունը զարգանա, տնտեսությունը վերելք ապրի, եւ դրան ինչ գործիքներ պետք են, ես պատրաստ եմ այդ գործիքների կողքը կանգնել։
- Իսկ եթե այս անգամ էլ ընդդիմությանը ժողովրդի քվեին տեր կանգնել, իշխանափոխության հասնել չհաջողվի, ըստ Ձեզ, որպես գործարարի, Սերժ Սարգսյանն ի զորո՞ւ է գոնե այս հինգ տարիներին Ձեր նշած բարեփոխումները կատարել։
- Ես կարծում եմ, որ բոլորիս նպատակը պետք է լինի այդ բարեփոխումները ժամ առաջ կատարել, սկսել իրականացնել եւ դրա արդյունքները ստանալ։
- Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է։
- Ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է մի բան՝ որ Հայաստանում պետք է ունենանք այդ ամենը։ Թե դուք կանեք, ես կանեմ, մյուսը կանի՝ ես հպարտ կլինեմ ու ուրախ։ Շնորհակալություն։
- Պարոն Սուքիասյան, 2008-ի Շարժման ժամանակ Ձեր ներկայությունը հարթակում, Ազատության հրապարակում ընդգծված էր։ այս անգամ, եթե չեմ սխալվում, Ձեր առաջին այցելությունն է հրապարակ։ Դա որեւէ բանով պայմանավորվա՞ծ է։
- Ոչ, պայմանավորված է նրանով, որ եթե հասարակությունը ընկալում ունի, ժողովուրդը ցանկություն ունի, ես պետք է լինեմ այդտեղ»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։



























