Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2012 թվականի իր զեկույցի գյուղատնտեսության նախարարության ոլորտին վերաբերող հատվածը:
Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները.
Թեեւ 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները եւ գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրը:
Ոլորտի կարեւորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:
Արձանագրված դրական զարգացումներ
2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում եւ մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
ՀՀ գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով:



























